Լենա Նազարյան   

Ընտրատեղամասում արդյունավետ վերահսկողություն իրականացնելու համար քիչ է կարդալ Ընտրական օրենսգիրքը: Տեղամասում հաղթելու համար դուք պետք է գործադրեք ձեր ողջ ինտելեկտն ու երևակայությունը, ողջ մշակութային պաշարը, որը ձեռք եք բերել թիմային խաղերի, սպորտային մրցումների, քննարկումների, բանակցությունների, հասարակական և քաղաքական գործունեության ընթացքում: Չափազանց կարևոր է հավասարակշռված վարքը, ինքնավստահությունը, ուշադրությունը, տեղամասում հանդիպած մարդկանց հետ հաղորդակցվելու, բանակցելու ու ձեր փաստարկված կարծիքից հետ չկանգնելու կարողությունը: Կարևորը ձեր կամքն ու անկաշկանդ գործելու պատրաստակամությունը է: Կարևորը ձեր նվիրումն է գործին:

Արայիկ Հարությունյան   

Ցանկացած աշխատանքում հաջողում ես, եթե ունես բավարար գիտելիք, հմտություններ և ցանկություն այդ աշխատանքը կատարելու համար: Երբ ամեն անգամ խոսում ենք կեղծված ընտրությունների մասին, ապա չենք արձանագրում մի շատ կարևոր փաստ՝ իշխանությունների ձեռքերն ազատ են լինում կեղծիքների համար, քանի որ մենք, մեր հերթին, պատշաճ կերպով չենք վերահսկում ընտրական գործընթացը: Մեզանից շատերը, ովքեր նախկինում գնացել են ընտրական տեղամասեր, ցանկանում էին «փռթել-թափել», մյուս մասը՝ «մեռնել տեղամասում», երրորդը՝ թամաշա անել, և շատ քչերն էին զինված լինում անհրաժեշտ գիտելիքով, հմտություններով: Այս նախաձեռնության հիմնական նպատակն է ընտրական գործընթացն ընդդիմության ամբողջական վերահսկողության տակ դնելը, և մենք հրավիրում ենք դա անել միասին: Գիտելիքը, հմտությունները, տեխնիկական ապահովումը՝ մեզանից, պատրաստակամությունը՝ ձեզանից:

Արարատ Միրզոյան   

Վերահսկելով ընտրությունները տեղամասում՝ վստահված անձն անելու է ավելին, քան պարզապես քվեարկության ազատ ընթացքն ապահովելն է։ Այդ օրը վստահված անձը պաշտպանելու է նորմալ վարձատրվող աշխատանք ունենալու, անարգել կերպով ձեռներեցությամբ զբաղվելու իր իրավունքը, պաշտպանելու է որակյալ կրթություն ստանալու իր երեխայի իրավունքը, պաշտպանելու է արժանավայել ծերություն ունենալու իր ծնողների իրավունքը։ Պաշտպանելու է մաքուր բակ ու փողոց, հասանելի առողջապահություն, քաղաքակիրթ տրանսպորտ ունենալու իրավունքը։ Պաշտպանելու է իր երազանքների Հայաստանում ապրելու իր և իր հարազատների իրավունքը։Այս գիտակցումով վստահված անձը ընտրատեղամասում անպարտելի է լինելու։